Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Օրենքը ոչ թե միտված է վերացնելու խաղացանկային թատրոնը, այլ ընդլայնելու թատերական գործունեության շրջանակները»

«Օրենքը ոչ թե միտված է վերացնելու խաղացանկային թատրոնը, այլ ընդլայնելու թատերական գործունեության շրջանակները»
30.01.2009 | 00:00

(մեկնաբանություններն ավելորդ չեն)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅԱՑՔ 2008-Ի ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՆ
www.mincult.am
Թվում է, թե առանձնակի դժվարություն չի ներկայացնում սեփական երկրի մշակութային անցուդարձին մանրակրկիտ իրազեկվելը։ Անցյալ տարի ներկայացուցչական մակարդակով բացված համացանցային www.mincult.am կայքէջում թափանցիկ արտացոլվում է ՀՀ մշակույթի նախարարության աշխատանքային գերծանրաբեռնված առօրյան պետական մշակութային մարտավարության ողնաշարը կազմող ութ ուղղություններով։ Վերջիններիս պատկառազդու ձևակերպումները` կոնկրետ գործունեության մանրամասնումով, թվերի ու փաստերի խոսուն արտահայտչականությամբ, համընդհանուր մշակութային վերելքի հավատընծա տպավորություն են ստեղծում։ Մի շտապեք, սակայն, մոտալուտ հոգևոր-մշակութային, առավել ևս համակողմանի համազգային զարթոնքի ռեալականությամբ ոգեշնչվել։ «Համաշխարհայնացման» ձախավերությունների սաղմերի ծլարձակմանը հետամուտ գայլն ամենևին էլ սարի հետևում չէ։ Մեզ ի՞նչ կանի։ Իհարկե` կուտի, եթե փորձենք համերաշխ միասնությամբ կոխկրտել ախորժագրգիռ որոմների փարթամացող տիրույթները` դյուրությամբ հասարակական-քաղաքական ներկա կացութաձևի բոլոր ոլորտներն արդեն ներթափանցած։ Առաջնահերթ` մշակույթի։
Հատկապես վերջին մի քանի տարիներին ակտիվորեն ներգրավված լինելով ընթացիկ մշակութային կյանքի տարատեսակ միջոցառումների օրավուր ավելի հորդառատ տեղատարափում` ժամանակին արված վերլուծական անդրադարձներով բազմիցս եմ հավաստել կոնկրետ միջոցառումների անմիջական ընկալմանս իրազեկված հիմնավորվածությունը։ Տողերիս անաչառ անկեղծությանը վստահող ընթերցողիս, որը քանիցս մեղադրել է ինձ նկատածս հուսադրող նախանշաններով չափազանց խանդավառվելուս համար, վերստին հուսախաբ չանելու մտադրությամբ 2008-ի մշակութային բովանդակության ամփոփ գնահատությունս վճռեցի ճշգրտել աշխատանքային եռանդով ակնառու տիկին ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ առանձնազրույցով։ Մեր ձգձգվող հանդիպման ցանկալիությունն ինձ համար անհրաժեշտության վերափոխվեց, չգիտես ինչու, Թումանյանի տուն-թանգարանում կազմակերպված մամլո պաշտոնական ամփոփիչ ասուլիսի կցկտուր անլիարժեքությամբ։ Մշակույթի նախարարի հնչեցրած. «Մշակույթի նախարարությունը ստեղծագործող, միջոցառումներ կազմակերպող կառույց չէ։ Իր հիմնական գործառույթները ծավալելով հինգ ուղղությամբ` ուղղորդում և ձևավորում է երկրի մշակութային քաղաքականությունը» հայտարարության կողմնորոշիչ սկզբունքայնությունը երերաց տարվա լավագույն նախաձեռնությունների հեղինակներին բոցկլտուն հանդիսավորությամբ ընծայված ինը հատուկ մրցանակներով։ Ամենից ավելի` Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանին «Տարվա լավագույն թատերական նոր նախագծի հեղինակ» հանրահռչակողով։ Իրականում, շատերին է հայտնի, բացօթյա թատերականացված հանդիսություններով քաղաքային առօրյան կենդանացնելու մտահղացումը «Հայֆեստի» նախագահ Արթուր Ղուկասյանինն է։ Դադասյանի «գյուտը» այն Ծաղկաձորում «Մնջախաղի թատրոնների միջազգային առաջին փառատոն» պայմանական անվան տակ, «ՀՀ մարզերում մշակութային կյանքն աշխուժացնելու» ծրագրի շրջանակներում ի կատար ածելն էր։ Նրա անօթևան մնացած թատրոնի ճակատագրի մասին օդում կախված հարցին տիկին նախարարի տված կտրուկ պատասխանի հնչերանգն ինքնին խոսուն էր. «Փորձը ցույց է տալիս, որ ով գործ է անում, առանց շենքի էլ կարողանում է անել...»։ Մշակութայինի համարում ունեցող հանրապետական և միջազգային նշանակության նորահնար նախաձեռնությունների այսօրինակ դրվատումը ֆինանսաբարոյական պետական աջակցության այն կոնկրետ արտահայտություններից է, որոնց խթանիչ ներգործությունը գործնականում իրեն միշտ է արդարացրել անվրեպ։ Մշակույթի գործիչների միտքն ու կորովը, պարբերական ներարկումներով, կենտրոնացրել է ի նպաստ պետության գաղափարական հիմքերի ամրապնդման։ «Ով վճարում է, նա էլ երաժշտությունն է պատվիրում» հանրածանոթ կարգախոսը, փաստորեն, մեզանում ձևավորված «պետպատվեր» կոչված համակարգի ատաղձն է նաև։ Նախարարությանը կից գործող 11 մասնագիտական խորհուրդների արժևորած նախաձեռնությունների իրականացմանն աջակցելով` պետությունը շեշտադրում է երկրի գեղարվեստական արտադրանքի իր պահանջարկը։ Թե որքանով է այն մերձենում բարձր մշակույթի չափանիշներին, կարծես առանձնապես չի մտահոգում։ «Պետությունը նպաստում է ստեղծագործական նախաձեռնության իրականացմանը,- պարզաբանում է տիկին Պողոսյանը,- իսկ թե ինչպես է այն արվում, կախված է ստեղծագործողի պատասխանատվության ու կարողությունների չափից»։ Մասնագիտական խորհուրդները մի՞թե պետական կառույցներ չեն` առաջնահերթ պատասխանատու իրականացման ներկայացված նախագծի արժեքավորության ու հրատապության համար։ Ոլորտի մասնագետը, եթե բարձրաստիճան չինովնիկի անձնական բարեհաճությամբ չէ միայն, որ ստանձնել է յուրատիպ գրաքննիչի պարտականությունը, քաջատեղյակ պիտի չլինի՞ առկա ստեղծագործական ներուժին և վստահի կոնկրետ ստեղծագործություններով հավատընծա անհատներին։ Մինչդեռ, որքան հագեցվում է մեր մշակութային առօրյան տարատեսակ միջոցառումներով, այնքան նվազում է բարձրարժեք հոգևոր սննդի տեսակարար կշիռը։ «Մշակույթի նախարարությունը չի խառնվում ստեղծագործական պրոցեսին,- ասում է տիկին Պողոսյանը։- Երկու զանգված կա, որոնք իրենց գնահատականը տալիս են` հասարակությունն ու մասնագիտական խորհուրդը։ Հասարակության վերաբերմունքի պատկերը մեզ համար հստակ է։ Մասնագիտական ոլորտն ինքն օբյեկտիվ չի գնահատում իրավիճակը, անկեղծ անաչառությամբ»։ Տարակուսում եմ, ինչպե՞ս կարելի է հստակ պատկերացում ունենալ հասարակական գնահատականի մասին, երբ արվեստասեր հանրության գերակշիռ մեծամասնությունն անհաղորդ է մնում մեծահամբավ արվեստագետների մատուցած հզոր մշակութային լիցքերին։ Մի պարզագույն պատճառով` տոմսերը թանկ արժեն։ Ինչ-որ ելք, իհարկե, գտնվում է. «Չունենք պետության և հովանավորների ներդրումների այն ծավալները, որոնք թույլ կտան ուղղակի նվիրել սեփական ժողովրդին իրադարձային մշակութային միջոցառումները։ Մյուս կողմից, մեր ունեցած դահլիճների փոքր ծավալները հնարավորություն չեն տալիս տոմսերի գնի ավելի ճկուն քաղաքականություն վարել։ Հեռուստատեսությունը դրանք բոլորը տեսագրում և հեռարձակում է։ Դրանց տարեվերջյան խաչաձևվող գերկուտակումները մի քանի պատճառ ունեն։ Նախ` Հայաստանի աշնանային գրավչությունը հրավիրվող անվանի արվեստագետների համար։ Ապա` «դեռևս ունակությունը չունենք միջոցառումների կազմակերպման կոնցեպտուալ դասավորվածության»։ Մեծ գումարներ են տրամադրվում տասնյակ փառատոների անցկացմանը, որոնք առանձնապես չեն փայլում բովանդակային հարստությամբ։ Դրանց գլխավոր նպատակը միջազգային մշակութային դաշտում մեր հանրաճանաչումն է։ «Փառատոներն արվեստի ցայտուն երևույթներ ներկայացնելու միտում չունեն,- ասում է տիկին Պողոսյանը։- Խթանում են ստեղծագործական միտքը փոխշփումներով, աշխարհայացքն ընդլայնում։ Ռետրո արվեստը շատ ավելի սնուցող է, քան ժամանակակիցը, ցավոք սրտի։ «Ոսկե ծիրան»-ում ծնվեց համահայկական ներուժը միավորող «Հողը» ֆիլմի 5 նախագիծ։ Թատերական ոլորտում` Կալինոսկու «Ծնված ծերուկներ» պայմանական վերնագրով նոր պիեսի բեմադրության նախագիծը»։
ՈՉ ԱՅՆՔԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Ակնկալածս համակողմանի լուրջ խոսակցությունը, փաստորեն, անավարտ մնաց մշակույթի նախարարի հետ ունեցածս առանձին հանդիպմանը ևս։ Երկուստեք բավականաչափ ասելիք ունեինք, և բազմազբաղ պաշտոնյայի սիրահոժար տրամադրած, թվացյալ երկարատև ժամանակը հազիվ թե կարողանար ներառել ու սպառել կուտակումների ողջ պաշարը։ Հընթացս անկաշկանդ, ոչ պաշտոնական բնույթ ընդունող մեր երկխոսությունը, ինչևիցե, բովանդակալից հունի մեջ մնաց` փոխըմբռնմամբ նկատելիորեն հստակեցնելով մշակութային խճանկարի իրական գույները։
-Կիսում եմ Ձեր խանդավառությունը երաժշտարվեստում նկատված դրական տեղաշարժով` դասականության վերադարձը, նոր սերնդի ներուժի բացահայտման հիանալի արդյունքները. 54 երեխա մրցանակներով վերադարձավ միջազգային մրցույթներից։ «Դեբյուտ» ծրագրով, 32 անուն երաժշտական գրականության, տարբեր նվագարանների համար ուսումնական ձեռնարկների տպագրությամբ, կարծում եմ, շուտով նոր հաջողություններ կարձանագրվեն։
-2008-ը նշանավորվեց պետության պատվերի համակարգի կայացմամբ մշակութային կրթօջախներում։ Ստեղծվեց «Մշակութային կրթության աջակցման հիմնադրամ» հասարակական կառույցը, որում միավորվում են ոչ միայն պետբյուջեի գումարները։ Զուգահեռաբար հիմնադրված 33 հենակետային դպրոցների միջոցով կիրականացվի ողջ մշակութային կրթության մեթոդական գործընթացը։ Սկսեցինք թանկարժեք երաժշտական գործիքներ ձեռք բերել մեր տարբեր նվագախմբերի համար։ Շուրջ 60 մլն է տրամադրվել օպերայի սիմֆոնիկ նվագախմբի փողային նոր գործիքներին։
-Պետությունը համապատասխան ֆինանսական լծակներով ապահովո՞ւմ է մշակույթի մյուս ոլորտներում ևս լայնամասշտաբ գործունեության ծավալումը։
-Եթե հովանավորները չմիանային պետությանը, շատ ծրագրեր անավարտ կմնային։ Միջազգային դրամաշնորհներից ենք օգտվում նաև, որ տարբեր երկրների կառավարություններն են տալիս, միջպետական կամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերից... Արմատական խնդիրներ ունենք կադրային, նյութատեխնիկական բազայի հետ կապված։ Տարիների ընթացքում եղած համակարգը քանդվել է, և այսօր մենք, փաստորեն, զրոյից ենք սկսում։
-Պետության աջակցությունից որևէ ոլորտ զուրկ չի մնում։ Այդուհանդերձ, ընդհանուր մշակութային վերելք առայժմ չի նկատվում` անկախ տարատեսակ փառատոների ու միջոցառումների հարաճուն առատությունից։ Ընդունո՞ւմ եք, որ արդի մեր կինոարվեստում, օրինակ, գերազանցապես սիրողական մակարդակն է իշխում։
-Այսօր սեփական արտադրանքի խնդիր ունենք։ Վիճակը գոհացուցիչ չէ ընդհանուր առմամբ, բայց ձեռնպահ եմ մնում վերջնական գնահատականից։ Դեռ բոլոր ֆիլմերն ավարտված չեն։ Միայն Ալբերտ Մկրտչյանի «Խաղաղ փողոցի լուսաբաց»-ն ենք տեսել։ Ինչ-ինչ շտկումներով փայլուն գործ կլինի։ Լավ տենդենց եմ համարում «Գժուկներ» մանկական շարքի մեկնարկը։ Հ1-ը սկսել է «Որբեր» հեռուստասերիալը։ Թեման շատ հրատապ է, բայց մատուցման ձևերը լուրջ շտկումների կարիք ունեն։ Վերջապես, հեռուստատեսությունը միայն զվարճանքի համար չէ, պետք է մատնանշի նաև հասարակության մեջ եղած խնդիրները։ Նույնն էլ թատրոնի բեմից պիտի արվի։
-Հեռուստասերիալները մի մեծ պրոբլեմ ունեն` բարձրարժեք գրական հիմքի և գրագետ ռեժիսուրայի։ Թատրոնի բեմադրիչները դեռ կարողանում են իրենց անուղղակիորեն պարտադրվող ցածրարժեք գործերից քիչ թե շատ ուշագրավ ներկայացումներ ստանալ։ Անզեն աչքով նկատում ես ստեղծագործական խմբի ակնհայտ վարպետությունը, բայց անբավարարված ես մնում, որովհետև գրական հիմքը, որից գալիս է ներկայացման գլխավոր ասելիքը, չափազանց անհամոզիչ է, հեղհեղուկ։
-Փորձեցինք բացը լրացնել «Սարդարապատի» մրցույթով, որևէ արդյունքի չհասանք։ Գրական տեքստով ոչ թե ռեժիսորը պետք է զբաղվի, այլ գրողը։ Իմ կարծիքով, թատրոնի այսօրվա խնդիրներն այդտեղից են սկսվում։ Ռեժիսորը չպետք է զլանա և աշխատի պրոֆեսիոնալ դրամատուրգի հետ։
-Հայ դրամատուրգիան մեծ ընտրության հնարավորություն չի ընձեռում։ Պիեսի վերափոխված բազմաթիվ գրական երկերի բեմադրություններ են արվել։ Դրանց ներկայացումների տպավորությամբ վստահեցնում եմ` եթե բեմադրիչին հոգեհարազատ է գրական նյութը, որևէ դժվարություն չի ունենա իր թատերական տեսիլքով ուշագրավ ներկայացում անելու։ Չնայած, գուցե, հոբելյանական թոհուբոհի շտապողականությամբ, պետպատվերով արված սարոյանական յոթ ներկայացումների մեծամասնությունը խակ էր հանրությանը մատուցելու համար։ Միայն Նարինե Մալյանի «Պատմություններ գնացքումն» էր համահունչ Սարոյանի շնչին ու ոգուն։
-Ասում են, Գյումրիի «Մի գնա բարկացածն» էլ բավականին հետաքրքիր է եղել։ Եթե յոթից երեքը կայացել են, ես դա ձեռքբերում եմ համարում։ Նաև «Օպերա, օպերան» եմ հաջողվածների շարքին դասում։
-Նույնիսկ ստեղծագործական խմբի մեծամասնությունն է վերջինը ձախողված համարում։ Այն Սարոյանի հետ որևէ առնչություն, հաստատ, չուներ։ Միակ դրականը Սարոյանի անվան, գրական ժառանգության շուրջ համատարած բորբոքված հետաքրքրության կրակին մի ծղոտ հավելելն էր։ Պետպատվերով բեմադրված վեց ներկայացումներից էլ մեկ-երկուսը կարելի է համեմատաբար հաջողված համարել։ Ռուդոլֆ Խառատյանի բեմադրած «Վարդանանք» բալետը և Լևոն Իվանյանի «Երկրաշարժ» օպերան լավատեսության որևէ հիմք պարզապես չեն տալիս...
-Բոլորը լավ լինել չեն կարող։ Զտվելու արդյունքում է լավը երևում։ Այն, որ թատերական հինգ ներկայացման հանձնումը հետաձգվեց, ես նույնիսկ դրական են գնահատում։ Ավելի պատասխանատու կլինենք կատարված աշխատանքի նկատմամբ։ Այս առումով «Թատրոն-X»-ն եմ արժեքավորում որպես վերլուծական բնույթի փառատոն։ Միայն թե հարաբերությունները պետք է փոխվեն դեպի անկեղծ երկխոսություն։
-Դաշտն արմատապես առողջացվելու կարիք ունի։ Ոչ միայն թատերական։ Եվ սրանում մեծ է ստեղծագործական միությունների անհամերաշխ, ջլատված գոյատևման «արջի ծառայության» բաժինը։ Խնամի-ծանոթ-բարեկամական չափանիշներով, «աթոռակռիվներով» խեղդվում է առողջ միտքը, հետին պլան են մղվում ստեղծագործական խնդիրների մշակութանպաստ հանգուցալուծումները։
-Պետք է մեխանիզմներ գտնել։ Ինքը` ինստիտուտը, պետք է հարցը կարգավորի։
-Գուցե թատրոնի մասին օրենքի ընդունո՞ւմը խթանի ստեղծագործական մթնոլորտի կայուն առողջացումը։
-Օրենքն ազատություն է տալիս թատրոններին, ընտրության հնարավորություն` կառավարման ձևերից սկսած։ Այսօր մեզանում թատրոնն ընկալվում է որպես պետական կառույց։ Օրենքով սատարվում են թատերական գործունեության տարբեր ձևերը։ Փորձում ենք լուրջ արվեստը տեսնել ժամանցային ձևերի մեջ։
-Ժամանցայինը լուրջ թատրոնից միանգամայն տարբեր երևույթ է։
-Ժամանց վատ իմաստով չեմ ասում։ Մարդիկ կարող են հավաքվել վաղն ինչ-որ տարածքում` թատերական որևէ ներկայացում նայելու։ Կարելի է մանրապատումներ անել, մենաներկայացումներ, որոնցով լավագույն դերասանների ստեղծագործելու պահանջը նաև կհագենա...
-Որպես բազմազանություն, անշուշտ, դա գրավիչ է և գոյության իրավունք ունի, բայց ոչ լուրջ արվեստի կազմալուծման հաշվին։
-Փլուզման խնդիր չկա։ Ստատիկ թատրոնը կլինի։ Մի ձևի մեջ չի կարող զարգանալ թատրոնը։ Մինչև վերջերս մենք միայն մի պատկերացում ունեինք թատերական կառույցի մասին` գեղարվեստական ղեկավար և խաղացանկային թատրոն։ Օրենքը ոչ թե միտված է վերացնելու խաղացանկային թատրոնը, այլ ընդլայնելու թատերական գործունեության շրջանակները։ Ես խնդրում եմ այս միտքը շատ հստակ ձևակերպել, որպեսզի ինձ նոր մեղադրանքներ չներկայացնեն թատրոնները քանդելու։ Իբր ես բոլոր բեմերն ուզում եմ վերածել ազատ բեմահարթակների։ Նման բան գոյություն չունի և չի էլ կարող գոյություն ունենալ։
-Ձեր առաջարկով մենք պայմանավորվեցինք, որ ինձ անհանգստացնող գլխավոր թեմային` մայր թատրոնի մշուշապատ կարգավիճակին, չենք անդրադառնալու։ Բայց ազատ բեմահարթակի գաղափարը, կարծես, փորձակվում-արմատավորվում է հենց այնտեղ։
-Ոչ, նա ազատ բեմահարթակ չէ։ Բարենորոգումների շրջան է անցնում։
-Հարգելով մեր պայմանավորվածությունը` չեմ բանավիճում դրա շուրջ։ Մեր այս զրույցի նյութն անցյալ մշակութային տարվա բարձրակետերն են։
-Շատ լավ։ Ներկա է թատրոնի գեղխորհրդի աշխատանքները ղեկավարող փոխնախարար Դավիթ Մուրադյանը, նա առանձին կպարզաբանի այդ թատրոնի հետ կապված հարցերը։ Որպես ոլորտի ընդհանուր նվաճում` ես արժևորում եմ մեր արվեստագետների առաջընթացը եվրոպական թատերական դաշտը զբաղեցնելու ուղղությամբ։ Կերպարվեստն ավելի շուկայական է։ Այստեղ պետության դերն արվեստագետին ներկայանալու հնարավորություն ստեղծելն է։ Ճանաչումն ապահովվում է կոնկրետ ստեղծագործություններով։ Ստեղծագործական մթնոլորտն աշխուժացնելու նպատակով կազմակերպեցինք Շորժայի ստեղծագործական ճամբարը։ Ակնառու նվաճում եմ համարում Մայնի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառում Հայաստանի ներկայացուցչական մասնակցության հարուցած հետաքրքրությունը. հայ առաջին գրքի տպագրության 500-ամյա հոբելյանակատարության յուրօրինակ մեկնարկ։ Հուշարձանների վերականգնման աշխատանքների լայնամասշտաբ ծավալման համար ստեղծվում է կենտրոն` տարածաշրջանային դառնալու հեռանկարով։ Մասնագետների պակաս ունենք։ Հաջողությամբ ավարտվեց ուղղորդող-ճանաչողական ցուցանակների` յուրատիպ բացօթյա թանգարանի, տեղակայման առաջին փուլը։ Գառնիի լուսավորության խնդիրը լուծեցինք... Եթե համաշխարհային տնտեսական ճգնաժամը չխանգարի, այս տարի էլ հպարտանալու շատ առիթներ կունենանք։
Զրույցը վարեց Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 6975

Մեկնաբանություններ